Aufsatz(elektronisch)4. September 2023

Իրավունքի բացերի լրացման, վերացման հասկացությունը և դրանց հաղթահարման եղանակները

In: Bulletin of Yerevan University C: Jurisprudence, Band 14, Heft 1 (38), S. 3-19

Verfügbarkeit an Ihrem Standort wird überprüft

Abstract

Հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման գործընթացում հանդիպում են դեպքեր, երբ որոշակի հասարակական հարաբերություններ օրենսդրական կարգավորման չեն ենթարկվում, ինչը կարող է պայմանավորված լինել իրավական կամ իրավունքի բացերով: Հոդվածում քննարկման առարկա է դարձել իրավական միջոցների լրիվ կամ մասնակի բացակայությունը, ինչը անհրաժեշտ է իրավական կարգավորման ոլորտում գտնվող հասարակական հարաբերությունների կարգավորման համար:
Ավելին, Օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում բացերի առկայության պատճառով առաջանում են իրավունքի էության կոնկրետացման և կենսագործման խնդիրներ: Իրավունքում բացի լրացման հիմնական միջոցը պակասող նորմի հրապարակումն է, որի անհրաժեշտությունը կյանքն է թելադրում։ Այն դեպքում, երբ իրավաստեղծ մարմինը չի հասցրել վերացնել բացը, օգտագործվում է իրավունքի կիրառման զուգորդության կարգը։ Զուգորդություն ասելով՝ հասկացվում է նմանությունը որոշակի տաբեր երևույթների կամ առարկաների միջև։
Իրավունքի զուգորդության կիրառումը չի նշանակում կոնկրետ գործերի կամայական լուծում։ Որուշումն այստեղ ընդունվում է օրինականության և արդարության սկզբունքներին համապատասխան։
Իրավագիտության մեջ տարբերվում է զուգորդության երկու հիմնական տեսակ՝ օրենքի զուգորդություն և իրավունքի զուգորդություն։ Շարադրվածի հիման վրա կարող ենք նշել, որ օրենքի զուգորդությունն իրենից ներկայացնում է կոնկրետ իավաբանական գործի լուծումը այնպիսի իրավական նորմի հիման վրա, որը նախատեսված է ոչ թե տվյալ, այլ նման, դեպքերի համար։ Եթե իրավասու մարմինը գործը լուծում է առավել նման հասարակական հարաբերություններ կարգավորող նորմի կարգադրագրերին համապատասխան, ապա տվյալ դեպքում մենք գործ ունենք օրենքի զուգորդության հետ։ Իրավունքի զուգորդությունը իրավունքի ընդհանուր սկզբունքների և իմաստի հիման վրա կոնկրետ գործի վերաբերյալ որոշման ընդունումն է։ Իրավունքի զուգորդությունը կիրառվում է, երբ բացի առկայության դեպքում հնարավոր չէ ընտրել իրավունքի համանման նորմ։ Հարկ է նշել այն, որ իրավունքի զուգորդությունն այլ է։ Այս պարագայում իրավաբանական գործին ընթացք է տրվում (գործը կարգավորվում է) իրավունքի ընդհանուր սկզբունքների և իմաստի հիման վրա։ Այդ եղանակը ընդունելի է միայն այն պարագայում, երբ կոնկրետ երևույթի կարգավորման համար բացակայում է իրավունքի համանման նորմը՝ իրավունքի այդ կամ համասեռ ճյուղում։ Այս դեպքում գործողության մեջ են դրվում իրավունքի հիմնարար, սահմանադրական սկզբունքները (օրենքի առջև հավասարության, արդարության, ճշմարտության բացահայտման, մարդասիրության և այլ սկզբունքներ)։
Իրավունքի բացերի տեսության վերաբերյալ վերլուծությունը բացահայտում է էական տերմինաբանական շփոթություն «վերացնել», «լրացնել», «հաղթահարել» հասկացությունների օգտագործման մեջ։ Մասնավորապես, Վ. Ի. Ակիմովը նշում է, որ դատարաններն օժտված են իրավունքի բացերը լրացնելու անհրաժեշտ լիազորություններով։ Ըստ այլ հեղինակների (Ա. Տ. Բոններ, Է. Շ. Կեմուլարիա, Վ. Վ. Լազարև, Ա. Ս. Պիգոլկին, Բ. Պ. Սպասով, Վ. Ն. Կարտաշով և այլք), միայն օրենքը կարող է իսկապես «լրացնել» գոյություն ունեցող իրավական բացը։ Ներպետական իրավական համակարգի շրջանակներում, որտեղ «դոկտրինը և օրենսդրությունը ճանաչում են միայն իշխանության և կառավարման իրավասու իրավաստեղծ մարմիններից բխող ակտերը որպես իրավունքի լիարժեք աղբյուրներ», միայն այդ մարմիններն են օգտվում բացերը լրացնելու իրավասությունից։ Բոլոր մյուս պետական մարմինները «ակտիվ մասնակցություն են ունենում բացերի բացահայտման գործում, սակայն լիազորված չեն դրանք վերացնելու իրավունքով»։ Հետևաբար, իրենց գործունեության ընթացքում նման մարմիները, կարող են միայն հաղթահարել բացը։ Հեղինակներից Ա.Տ.Բոնները գտնում է, որ դատարանների գործունեության հետ կապված իրավունքի բացերի «լրացում» տերմինի օգտագործումը և նրանց կողմից վիճահարույց իրավիճակներն անալոգիայով լուծելը ճիշտ չէ և շարադրվածի հաշվառմամբ կարող ենք նշել, որ «վերացում» տերմինի օգտագործումը, այլ ոչ թե բացը «լրացնելը» կամ «հաղթահարելը», թույլ է տալիս նրանց առավել համարժեք կերպով արտացոլել այն գործողությունների էությունը, որոնք կատարում են կանոնակարգող մարմինները։
Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ օրենքում բացեր «վերացնել» տերմինն առավելագույնս արտացոլում է հենց նորմաստեղծ մարմինների գործունեության էությունը և նշված տերմինի կիրառումը բնութագրում է բացառապես նորմաստեղծ մարմինների գործունեությունը։ Ինչ վերաբերում է դատարաններին, ապա այդ պետական մարմինները, մեր կարծիքով, հենց լրացնում են բացը։ Մասնավորապես, ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ միայն իրավաստեղծ մարմինը կարող է վերջնականապես վերացնել իրավունքի բացը, այլ ոչ թե իրավակիրառ մարմինը, մինչդեռ դատարանը միայն ժամանակավոր լրացնում է այն, և մեծ մասամբ, վերաբերում է միայն մեկ կոնկրետ վիճելի դեպքի։ Այդ իսկ պատճառով իրավունքի բացը լրացնելու հիմնական մեթոդը՝ անալոգիան, բնութագրվում է որպես մեկանգամյա տեխնիկա, որը կարևոր է միայն այս գործի համար, «պատճառահետևանքային լրացում»։ Դատարանը, օգտագործելով բացերը լրացնելու հայտնի մեխանիզմները (օրինակ՝ օրենքի կամ օրենքի կիրառումը իրավունքի անալոգիայով), որոշ դեպքերում կարող է լուծել միայն կոնկրետ իրավիճակ, բայց ոչ մի դեպքում նախադեպ չստեղծել նման որոշում կայացնելու այլ հանգամանքների նման գործով։
Հոդվածում ուշադրություն է դարձված իրավունքի բացերը «վերացնելու», «հաղթահարելու», «լրացնելու» տերմինների ավելի ճշգրիտ սահմանման և օգտագործման անհրաժեշտությանը։ Մասնավորապես, պետք է ամբողջությամբ բացառել «բացը վերացնելու», «բացը լրացնելու» տերմինները նույնացնելու հնարավորությունը։ Մեր կարծիքով, այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես բացերը վերացնելուն, այլ ուղղակիորեն դատաիրավական համակարգի ունեցած դերին այդ բացերը լրացնելու գործընթացում, պետք է օգտագործել «բացերը լրացնել» տերմինը։ «Բացերը լրացնել» ասելով՝ նկատի է առնվում իրավասու պետական մարմնի (դատարանի) կողմից վիճահարույց իրավահարաբերությունների վերաբերյալ հատուկ որոշման ընդունումը՝ օրենսդրության կամ իրավունքի բացը բացահայտելու պայմաններում։ «Բացերի վերացում» հասկացությունը, որը ենթադրում է դրանց ամբողջական վերացում իրավունքի և օրենքի համակարգում, պետք է ճանաչվի, որպես առավել համարժեք այն գործառույթների համար, որոնք իրականացնում են իրավասու իրավաստեղծ մարմինները՝ օրենսդիր, գործադիր և այլն։ Բացերի վերացումը կատարվում է լրացումների միջոցով, բացի լրացումը իրավաստեղծ մարմինների լիազորությունն է և իրենից ներկայացնում է իրավունքի չբավականացնող նորմի մշակում։
Ինչ վերաբերում է «բացերի հաղթահարում» տերմինին, ապա, մեր կարծիքով, այն ունի իր կիրառման ոլորտը, սա իրավասու պետական մարմինների գործունեությունն է (գրանցման մարմիններ, գերատեսչական կոմիտեներ և այլն), որոնք ստիպված են լինում հաճախ իրենց գործունեության ընթացքում լուծել այն հարցը, թե ինչպես պետք է վարվել իրավական կարգավորման բացերի հայտնաբերման դեպքում։
Այսպիսով, իրավունքի միանշանակ իրավական բովանդակության բացերի «վերացման», «լրացման», «հաղթահարման» վերոնշյալ հասկացությունների համախումբը, ինչպես նաև դրանց կոնկրետացումը, մեր կարծիքով, հնարավորություն կտա ավելի հստակ բացահայտելու, օրենսդրական և իրավապահ մարմինների գործունեության բնույթը լրացման և իրավունքում դրանց բացթողումների վերցման գործընթացում։

Verlag

Yerevan State University

ISSN: 2738-2605

DOI

10.46991/bysu:c/2023.14.1.003

Problem melden

Wenn Sie Probleme mit dem Zugriff auf einen gefundenen Titel haben, können Sie sich über dieses Formular gern an uns wenden. Schreiben Sie uns hierüber auch gern, wenn Ihnen Fehler in der Titelanzeige aufgefallen sind.