1920 թ. թուրք-հայկական և 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմների պատմահամեմատական զուգահեռներ
In: Herald of Social Sciences, S. 47-61
1919 թ. սկզբին Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական շրջաններում հարց բարձրացավ բրիտանական զորքերը հետ կանչել Անդրկովկասից: Կովկասում գտնվող իտալական ռազմաքաղաքական առաքելությունը 1919 թ. հուլիսի 31-ին հավաստեց, որ Իտալիայի թագավորական կառավարությունը ցանկանում է բարեկամական հարաբերություններ պահպանել ՀՀ-ի հետ և նպաստել միմյանց միջև առևտրական, ֆինանսական և արդյունաբերական հարաբերությունների զարգացմանը, Անդրկովկաս ուղարկել տեխնիկական խորհրդատուներ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը դա ցանկանար՝ խոստանալով աջակցություն Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայկական հարցը քննարկելու ժամանակ: 1920 թ. գարնանը Հայաստան ժամանեց մեծ առաքելություն առևտրական հարաբերությունների հաստատման համար, որը գլխավորեց Էտտյուրե Կոնտին։ Անդրկովկասյան հանրապետությունների դեֆակտո ճանաչումից հետո Իտալիան առաջին տերությունն էր, որ ռազմականի փոխարեն քաղաքական գործակալություն բացեց Մ. Գաբբայի գլխավորությամբ. Հայաստանում այդ գործակալությունը ներկայացրեց մարկիզ Ն. Դելի Ալբիցցին: Հարկ է արձանագրել, որ ռազմական առաքելությունը 1920 թ. մարտի 10-ից վերակազմվեց Հայաստանում Իտալիայի թագավորական գործակալության, որը գլխավորեց գնդապետ Գաբբան: Այդուհանդերձ, չնայած իտալական առաքելությունը մնաց Անդրկովկասում, Հայաստանը դրանից շատ չշահեց, և գործը էական տեղաշարժ չունեցավ. ընդամենը դեկլարատիվ հայտարարություններ եղան: Դրան նպաստեց նաև 1920 թ. Ջ. Ջոլիտտիի կաբինետում Իտալիայի արտգործնախարար, թուրքամետ Կառլո Սֆորցայի վարած քաղաքականությունը: Հայաստանը այդպես էլ չկարողացավ Իտալիայից զենք և ռազմամթերք ձեռք բերել, չնայած գնդապետ Մ. Գաբբան կարծես թե ցանկություն էր հայտնել Հայաստանին զենքով ու զինամթերքով օգնելու: Սֆորցան դեռ 1919 թ. հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, պատճառաբանել, որ Իտալիան զգուշանում է զենք տալ Հայաստանին Ադրբեջանի հետ նրա հակամարտության պատճառով՝ չկամենալով գրգռել մուսուլմաններին ընդդեմ Իտալիայի, և դա այն պարագայում, երբ թե՛ Ադրբեջանը և թե՛ Վրաստանը Իտալիայից ստացան ռազմամթերք և հանդերձանք: